5 Մայիսի 2024թ.
Կիրակի



Գլխավոր

 «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՇՄՄՏԿ ՊՈԱԿ) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1277-Ն որոշմամբ` «Թափոնների ուսումնասիրության կենտրոն, «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն», «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» և «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման արդյունքում և հանդիսանում է դրանց իրավահաջորդը` համաձայն փոխանցման ակտերի: Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 46 (լաբորատորիա՝ Կոմիտաս 29):

ՀՀ մակերևութային ջրերի քիմիական որակը 2016 թվականին Մակերևութային ջրերի և բնակավայրերի օդային ավազանի վիճակի մասին եռամսյակային ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐ      ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ն իրականացնում է մթնոլորտային օդի, մակերևութային և ստորերկրյա ջրերի, մթնոլորտային տեղումների, հողերի, հատակային նստվածքների որակի մոնիթորինգ և գնահատում: Ներկայումս ՀՀ-ում ձևավորվել է գետնամերձ շերտի օդի որակի մոնիթորինգի հիբրիդային եռաշերտ մոնիթորինգային դիտացանց: Երկու առավել ռիսկային քաղաքում` Երևանում և Ալավերդիում, ֆոնային տարածքում` Ամբերդում, գործում է 7 ավտոմատ դիտարկման կայան, որոնցում տեղադրված է 12 ավտոմատ անալիզատոր: Վեց քաղաքում` Երևանում, Ալավերդիում, Վանաձորում, Գյումրիում, Հրազդանում, Արարատում, և երկու ֆոնային տարածքում` Ծաղկաձորում և Ամբերդում, գործում է ակտիվ նմուշառման 18 ստացիոնար դիտակետ: Ակտիվ նմուշառման եղանակով կատարվում են օդի գետնամերձ շերտում ծծմբի և ազոտի երկօքսիդների, գետնամերձ օզոնի և ընդհանուր փոշու մշտադիտարկումներ: Երևանում, Ալավերդիում, Վանաձորում, Գյումրիում, Հրազդանում, Արարատում, Կապանում, Քաջարանում, Չարենցավան, Մարտունի քաղաքներում և Սյունիք գյուղական համայնքում, ինչպես նաև ֆոնային տարածքներում` Ծաղկաձորում և Ամբերդում, գործում է 220-ից ավել պասիվ նմուշառման դիտակետ, որտեղից վերցվում են օդի գետնամերձ շերտում ծծմբի և ազոտի երկօքսիդների նմուշներ` միջին շաբաթական ռեժիմով:      ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ն իրականացնում է մակերևութային ջրերի մոնիթորինգ` նմուշառման 131 դիտակետում, որոնք ընդգրկում են հանրապետության մեծ և միջին մեծության մոտ 43 գետեր, 6 ջրամբարներ և Սևանա լիճը: Տարեկան կտրվածքով մակերևութային ջրերից վերցվում է 1000-1200 փորձանմուշ (յուրաքանչյուր հատվածից նմուշառումն իրականացվում է տարեկան 7-12 անգամ): Յուրաքանչյուր վերցված նմուշի համար որոշվում է մինչև 65 ցուցանիշ, այդ թվում ջրաքիմիական հիմնական բաղադրիչներ, ծանր մետաղներ, քլորօրգանական պեստիցիդներ և այլն:      Ներկայումս ՀՀ-ում մակերևութային ջրերի քիմիական որակը գնահատվում է Եվրոմիության Ջրի շրջանակային դիրեկտիվի սկզբունքներին համահունչ: Գնահատման այս համակարգը, որը սահմանվել է համաձայն ՀՀ կառավարության 2011թ.-ի հունվարի 27-ի N 75-Ն որոշման, կիրառվում է 2013թ.-ի հունվարից: Ըստ նշված որոշման յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի համար ընդունվել են ջրի քիմիական որակի գնահատման նորմեր` ելնելով տեղանքի առանձնահատկություններից: Մշակվել է դասակարգման սխեմա, որը ջրի քիմիական որակի յուրաքանչյուր տարրի համար տարբերակում է կարգավիճակի 5 դաս` գերազանց (1 դաս), լավ (2 դաս), միջակ (3 դաս), անբավարար (4 դաս) և վատ (5 դաս):

ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ն իրականացնում է ստորերկրյա քաղցրահամ ջրերի մոնիթորինգ՝ 128 ստորերկրյա ջրաղբյուրներում: Դիտարկումները կատարվում են ջրաղբյուրների ծախսի, մակարդակի(ճնշման) և ջերմաստիճանի վրա ամիսը 6 անգամ և պարբերաբար կատարվում է նաև ստորեկրյա ջրերի ֆիզիկաքիմիական կազմի որոշում:      ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ը իրականացնում է միջազգային համագործակցություններ.
  1. Անդրսահմանային աղտոտման մոնիտորինգի նպատակով ՇՄՄՏԿ-ը մասնակցում է ‹‹Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածման դիտարկման և գնահատման համատեղ ծրագրին››: Օդի որակի մոնիտորինգի Ամբերդի կայանը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2070 մ բարձրության վրա, ամբողջովին համապատասխանում է վերը նշված ծրագրի պահանջներին:
  2. Անդրսահմանային մակարդակով Հայաստանի և Իրանի միջև իրականացվում է Արաքս անդրսահմանային գետի ջրի և հատակային նստվածքի որակի համատեղ մոնիտորինգ:
ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ի լաբորատորիաները հագեցված են նորագույն սարքավորումներով, բոլոր պահանջներով համապատասխանում են միջազգային ստանդարտներին: 2009-2012թթ.ին լաբորատորիաներն ամեն տարի անցել են միջազգային հավաստագրում Սլովակիայում Ջրերի ազգային ռեֆերենս լաբորատորիայի կողմից` ստանալով համապատասխան սերտիֆիկացում: Կենտրոնի լաբորատորիաները, միջազգային գնահատմամբ, ընդգրկված են տարբեր երկրների լավագույն 200 քիմիական լաբորատորիաներից առաջին 30-ի շարքում: Ներկայումս կենտրոնը ավարտին է հասցրել հողի, նստվածքագոյացումների որակի և հիդրոկենսաբանական մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ մեթոդականների մշակումն ու լիովին պատրաստ է նման աշխատանքների: Սկսած 2012թ.ից կենտրոնում, ձեռնարկատիրական աշխատանքների շրջանակում, արդեն իրականացվում է նաև հողի, նստվածքագոյացումների որակի և էկոհամակարգերի կենսաբանական մոնիթորինգ:      ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ը հանրապետության էկոլոգիական վիճակի մասին տեղեկատվությունը ներկայացնում է ամենամսյա և տարեկան տեղեկանքների տեսքով, կազմվում են օդի աղտոտվածության բաշխվածության շաբաթական և ամսական քարտեզներ: Բարձր և արտակարգ բարձր աղտոտվածությունների գրանցման դեպքում ահազանգվում է ՀՀ բնապահպանության նախարարություն` հաղորդագրերի տեսքով, համապատասխան լրացուցիչ միջոցառումների անցկացման համար:


ՀՀ Բնապահպանության Նախարարություն
«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
© ՀայԷկոՄոնիտորինգ 2009 - 2024
Գլխավոր Մեր մասին Աշխատակազմ Դիտակետեր Մթնոլորտային օդ Մակերևութային ջրեր Ստորերկրյա ջրեր Հողային ծածկույթ Թափոններ Հրապարակումներ Քարտեզներ Հավաստագրեր Գնումների գործընթաց Հետադարձ կապ