4 Մայիսի 2024թ.
Շաբաթ



Մեր մասին

   «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՇՄՄՏԿ ՊՈԱԿ) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1277-Ն որոշմամբ` «Թափոնների ուսումնասիրության կենտրոն, «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն», «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» և «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման արդյունքում և հանդիսանում է դրանց իրավահաջորդը` համաձայն փոխանցման ակտերի: Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 46 (լաբորատորիա՝ Կոմիտաս 29):

   Հանրապետությունում պետական մակարդակով շրջակա միջավայրի աղտոտվածության մոնիթորինգի կանոնակարգված աշխատանքները սկսվել են անցյալ դարի 60-ական թվականներից: Մոնիթորինգային աշխատանքները իրականացվել են բնակավայրերի օդի և մակերևութային ջրերի` գետերի, լճերի և ջրամբարների քիմիական աղտոտվածության որոշման բնագավառներում: 80-ականների վերջում իրականացվել են էպիզոդիկ նմուշառումներ հողերի աղտոտվածության որոշման նպատակով, սակայն աշխատանքները չեն շարունակվել, իսկ վերցված նմուշների փորձազննումները կատարվել են հանրապետությունից դուրս:

    Մինչև Խորհրդային Միության փլուզումը հանրապետությունում դիտարկումների ու դրանց գնահատման գործընթացը հիմնականում համապատասխանել է սահմանված չափանիշներին: Այդ տարիներին առավել աղտոտված խոշոր արդյունաբերական կենտրոններում` Երևան, Վանաձոր, Գյումրի, Ալավերդի, Հրազդան, Արարատ քաղաքներում գործել է օդի մոնիթորինգի մինչև 23 դիտակայան, որից 4-ը` երթուղային են (հատուկ կահավորված մեքենաներ), կատարվել է մինչև 86500 նմուշի փորձազննում:

   Մինչև 90-ականները 50 ջրային օբյեկտների համար սահմանվել է ջրերի աղտոտվածության որոշման 111 դիտակետ, որոնցից կատարվել է տարեկան առավելագույնը 800 նմուշառում: Հետխորհրդային տարիներին մոնիթորինգի համակարգը աստիճանաբար անկում է ապրել. շարքից դուրս գալու, կամ թերֆինանսավորման պատճառով նվազել է գործող օդի դիտակայաների թիվը, վերացել են երթուղային դիտակայանները, մի քանի անգամ պակասել է օդի նմուշառումների թիվը, առ այսօր օդի մոնիթորինգի համակարգից դեռևս դուրս է մնում Սյունիքի մարզը` իր արդյունաբերական օբյեկտներով, իսկ ջրի մոնիթորինգը, ըստ էության, դադարել է: 2003-2004 թվականներին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և TACIS-ի օժանդակությամբ Հայէկոմոնիթորինգի ջրի կենտրոնական լաբորատորիան զգալիորեն համալրվեց ժամանակակից լաբորատոր սարքավորումներով, համակարգչային տեխնիկայով և մոնիթորինգի համար անհրաժեշտ այլ միջոցներով: Ստացած տեխնիկական և մեթոդական օգնության շնորհիվ Հայէկոմոնիթորինգը բռնեց աստիճանական զարգացման ուղին: Դրա համար էական խթան հանդիսացավ նաև ՀՀ կառավարության գործունեության 2005-2008 թվականների համապատասխան միջնաժամկետ ծրագրերերի ընդունումը, որոնցով ստեղծվեցին բնագավառի առողջացման ֆինանսական անհրաժեշտ նախադրյալներ: Այսպես. եթե Կենտրոնի ստեղծման տարում` 2003 թվականին բնագավառին պետական բյուջեի միջոցներից հատկացվել է մոտ 12 միլիոն դրամ, ապա ընթացիկ մոնիթորինգային աշխատանքների կատարման և համակարգի տեխնիկական վերազինման նպատակով 2005-2008 թվականներին նախատեսվում է ծախսել գրեթե 567 միլիոն դրամ:

   2004-2005 թվականներից իրավիճակը սկսել է մասնակիորեն շտկվել: 2005 թվականին արդեն իրականացվել է ջրերի 640 նմուշառում 35 ջրային օբյեկտից, այդ թվում` Հրազդան, Փամբակ, Աղստև, Արփա, Որոտան, Ողջի, սահմանային Դեբեդ և Արաքս գետերից, Սևանա լճից ու նրա ավազանի գետերից, Կեչուտի և Երևանյան ջրամբարներից, Արփա-Սևան ջրատարից:

   Ջրերի որակի վերահսկողությունը կատարվում է մի քանի պարամետրերով. որոշվում են ջրի քիմիական և ֆիզիկական հատկությունները, գազային կազմը, ջրում հիմնական իոնների, օրգանական և անօրգանական ծագում ունեցող աղտոտիչների, ինչպես նաև շուրջ 38 մետաղների պարունակությունները: Համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության տեխնիկական առաջադրանքի 2006 թվականին Հայէկոմոնիթորինգը պետք է իրականացնի ջրի ավելի քան 900 նմուշառում և ստանա ջրերի որակը բնութագրող գրեթե 23000 ցուցանիշ:

   1997-1998 թթ. մթնոլորտային օդի որակի վերահսկում կատարվել է Հայաստանի 4 քաղաքներում` Երևան, Վանաձոր, Ալավերդի, Արարատ (մշտապես գործող 11 ցուցանիշների դիտարկումներ), 1999թ.-ից նրանց թվին միացան նաև Գյումրի և Հրազդան քաղաքները: 1997թ.-ից սկսած Երևանում ածխածնի մոնօքսիդի վերահսկումը դադարեցվել է` չափիչ սարքի շարքից դուրս գալու պատճառով: Լիովին քայքայվել և շարքից դուրս են եկել դիտացանցի կարևորագույն մասը կազմող դիտակայանները: Օդի՝ նախկինում գոյություն ունեցած 7 տարածքային լաբորատորիաներից գործում են 3-ը` Երևանում, Վանաձորում, Ալավերդիում, սակայն գործիքային և լաբորատոր համալիրը հիմնավոր վերազինման կարիք ունի: Երևանում գործում է 5, Վանաձորում` 3, Ալավերդիում` 2, Գյումրիում, Արարատում և Հրազդանում` մեկական դիտակայան: 2005 թվականին կապահովվի մթնոլորտային օդի որակը բնութագրող 31450 փորձանմուշի անալիզ: Վանաձորում և Ալավերդիում որոշվել են օդում փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդների, Երևանում` նաև գետնամերձ օզոնի, ազոտի մոնօքսիդի, քլորոպրենի և արոմատիկ ածխաջրածինների (բենզոլ, տոլուոլ, քսիլոլ, էթիլբենզոլ) պարունակությունները: Գյումրի, Արարատ և Հրազդան քաղաքներում մթնոլորտային օդում որոշվել է միայն փոշու պարունակությունը:

   Ներկայումս աշխատանքներ են տարվում օդի դիտարկումների նոր մեթոդների ներդրման ուղղությամբ, որը հնարավորություն կնձեռի առաջիկա տարում օդի լիարժեք մոնիթորինգ իրականացնել նշված բոլոր բնակավայրերում: Կենտրոնի գործունեության հիմնական առարկան Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ընդհանուր համատեքստում էկոլոգիական անվտանգության ապահովման պետական քաղաքականության և ռազմավարությունների մշակման և կենսագործման, բնության պահպանության և բնական ռեսուրսների թույլատրելի օգտագործման ապահովման համար անհրաժեշտ հենքի շրջակա միջավայրի վրա մարդածին ներգործության և դրա հետևանքների մոնիթորինգի (դիտարկումների, կանխատեսման, գնահատման) և ուսումնասիրության կազմակերպումն է այդ բնագավառում իր և այլ կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների արդյունքներն ամբողջացնելու, կարգաբերելու, համակարգելու և պետական մարմիններին, կազմակերպություններին և բնակչությանը համապատասխան ինֆորմացիա տրամադրելու նպատակով:



ՀՀ Բնապահպանության Նախարարություն
«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
© ՀայԷկոՄոնիտորինգ 2009 - 2024
Գլխավոր Մեր մասին Աշխատակազմ Դիտակետեր Մթնոլորտային օդ Մակերևութային ջրեր Ստորերկրյա ջրեր Հողային ծածկույթ Թափոններ Հրապարակումներ Քարտեզներ Հավաստագրեր Գնումների գործընթաց Հետադարձ կապ